Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բամզաթիվ ծանր փորձություններ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Հասարակություն
09:52 05/04/2026
Հայաստան

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բամզաթիվ ծանր փորձություններ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան  եպիսկոպոս  Հակոբյանը  ուղերձ է հղել

 սուրբ  հարության  տոնի  առթիվ, որում ա սվում է.

«Զի՞  խնդրէք զկենդանին ընդ մեռեալս,

չէ՛ աստ, քանզի յարեաւ»

Ղուկաս ԻԴ 5-6

 Իմ շատ սիրելի՛ հավատացյալ  եղբայրներ և քույրեր,

Ամենայն սիրով և ուրախությամբ` մեր ջերմ օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Ձեզ` մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության սքանչելախորհուրդ  և հոգեզվարթ տոնի առթիվ ու ցնծությամբ ողջունում բաղձալի ավետիսով`  «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Քրիստոս Հարության լուսապայծառ շնորհը պարգևեց մարդկանց, Իր աստվածային անսահման սիրով ցրելով անհուսության խավարը՝ որպեսզի մեզ ազատի մեղքի ու մահվան իշխանությունից, աշխարհն ավերող աղետներից: Եվ մենք սիրելինե՛ր, այս սքանչելի տոնին պիտի կարողանանք արժևորել մեզ տրված կյանքը, Հարության հույսով ու սպասումով, աստվածային պատգամների գործադրմամբ ապրելով երկրային մեր ժամանակը:

Արդարև, աշխարհը ցնցող մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ Հայաստան աշխարհը ապրում է ծանրագույն ժամանակներ և  դիմակայում է արժանապատիվ, անվտանգ ու խաղաղ կյանքի ապահովման ամենօրյա փորձությունների, երբ խաթարվում է մեր ժողովրդի ազգային-հոգևոր անվտանգությունը, ներքին միասնությունը, համերաշխությունը և  խարխլվում են մեր ինքնության հիմնասյուները՝ առ Աստված ապավինությամբ, աղոթքով, ապաշխարելով ու զղջալով  բոլոր մեղքերի ու սխալների համար, որ մարդկությունը գործեց  Աստծուն հակառակ և միմյանց դեմ ՝ զորացնենք մեր հոգիները  Սուրբ Հարության կենսառաք և  հրեշտակավանդ ավետիսով:

Սիրելի՛ հավատացյալներ,

Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բամզաթիվ ծանր փորձություններ, և այսօր էլ բոլոր մեր մեղքերի ու սխալների, թերացումների հետ առերեսվելով, միմյանց ներելով հանդերձ՝ նորոգվենք գոտեպնդվենք Աստծո հանդեպ զորավոր հավատքով ու միաբանությամբ բռնենք  արհավիրքները հաղթահարելու ուղին:

Գոհունակ սրտով աղոթք բարձրացնենք առ Աստված, որ Տերն իր ամենաառատ ողորմությամբ զորացնի ու ամրություն շնորհի մեր ժողովրդին, համայն մարդկությանը, անսասան պահի Հայոց աշխարհը, խաղաղություն լինի հայրենյաց սահմանում և համայն աշխարհում:

Սուրբ Հարության հոգենորոգ խորհրդով եւ կենդանարար շնորհներով ամուր մնաք լույս հավատքի, առ Աստված ապավինության մեջ: Աղոթքով զորացե՛ք, սիրով ընթացե՛ք, հուսով ապրեցե՛ք:

Թող Տերը Իր օրհնության և Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո պահպանի մեր երկիրը, պայծառ պահի մեր Սուրբ Եկեղեցին և հավատքի ու հավատո գործոց շավիղներում առաջնորդի մեր կյանքը՝ փառաբանելու Իր Սուրբ Անունը այսօր և միշտ և հավիտյանս. ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց

Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի

Օրհնությամբ`     

Տ. ՀՈՎՆԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քրիստոսի Սբ Հարության հավատքին ապավինած դարեր շարունակ հաղթահարել ենք բամզաթիվ ծանր փորձություններ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան